Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին բանակցություններ են վարել Չինաստանի Տյանցզին քաղաքում։ Հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, հաղորդել է RBK-ն։
«Սա մեզ համար ևս մեկ հնարավորություն է արագ զարգացող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու»,- զրույցի սկզբում նշել է Լավրովը։
Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ բանակցությունների հիմնական թեմաներն էին երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը։ Նախարարները նշել են իրանական միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման քաղաքական և դիվանագիտական մոտեցման կարևորությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Լավրովը ԱՍԵԱՆ-ի նախարարական միջոցառումների շրջանակներում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Իրանին, Սիրիային և այլ միջազգային մարտահրավերներին վերաբերող հարցերի շուրջ։