Հայ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զորավարժություններին, որոնք կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում, հաղորդել է 1tv.ge-ն:
Սա Agile Spirit տասներկուերորդ զորավարժություններն են, և 2025 թվականին դրանք կներառեն և՛ Վրաստանը, և՛ Թուրքիան: Զորավարժությունների հիմնական նպատակներն են համագործակցության ամրապնդումը, մարտական պատրաստվածության բարձրացումը և մասնակից երկրների միջև փոխգործունակության բարելավումը։
Զորավարժությունները ներառում են հրամանատարական և շտաբային բաղադրիչ, համատեղ հատուկ նշանակության ուժերի գործողություններ, հրաձգություն, ինչպես նաև վրաց-ամերիկյան մարտավարական երթ Սենակի-Վազիանի երթուղով։
Վրացական մասը համակարգում են Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարությունը և Վրաստանի ազգային գվարդիան։ Զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Սլովակիայից, Ուկրաինայից և Մոլդովայից։ Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները նույնպես հրավիրվել են որպես դիտորդներ։
Հունիսին տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՆԱՏՕ-ի պաշտպանության և անվտանգության համագործակցության վարչության տնօրեն Պիեր Կազալեն հաստատել էին համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը։