Միացյալ Նահանգներն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը, գրում է Middle East Eye-ը՝ հղում անելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին։
Պարբերականի փոխանցմամբ՝ ըստ Բարաքի, այդպիսով ԱՄՆ-ն ցանկանում է առաջ մղել կովկասյան երկու երկրների միջև վաղուց փակուղային դիվանագիտական բանակցությունները:
«Ամերիկան միջամտում է և ասում՝ հարյուր տարով վարձակալության տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհ, և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանցից»,- պարբերականը մեջբերել է դեսպանի խոսքը։
Պարբերականը նշել է, որ 32 կիլոմետրանոց միջանցքը լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։
«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար, բինչը չնչին հարց չէ»,- ընդգծել է Բարաքը։
Հունիսի 30-ին «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։ Հոդվածում ասվում էր, որ գործընթացն առաջ մղելու համար ԱՄՆ-ն հնարավոր է՝ փորձի համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի Սահմանադրության առնչվող իր պահանջներից։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ հարավկովկասյան երկու երկրների միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին բանակցություններ էին վարել Աբու Դաբիում:
Հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հանդիպմանը քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության մասին սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը որևէ երրորդ ընկերության։
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դեմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությանը» և պնդում է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի տրամադրելու դեպքում պետք է լիովին պահպանվեն ՀՀ ինքնիշխանության և իր տարածքի ու ենթակառուցվածքների նկատմամբ իրավասության սկզբունքները: