Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկրորդ երկկողմ հանդիպումը, տեղեկացնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում է:
Ավելի ուշ ՏԱՍՍ-ը տեղեկացրել է, որ պատվիրակությունների հետ բանակցություններից հետո, որը տևել է շուրջ 2 ժամ, Փաշինյանն ու Ալիևն անցկացնում են դեմ առ դեմ հանդիպում։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն տարեվերջին ստորագրելու նպատակով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։ Նա ընդգծել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն փորձելով տեղաշարժել խաղաղության գործընթացը՝ հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջներից։ Հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ներկայացրել է սեփական ծրագիրը Հայաստանին ու Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։