Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին է փոխանցել Մոսկվայի դիրքորոշումը Ռուսաստանի շուրջ «կառուցողական տեղեկատվական ֆոնի» պահպանման անհրաժեշտության մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին է ներկայացվել Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ կապերի շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոնի պահպանման անհրաժեշտության մասին դիրքորոշումը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլն անցկացնելու ռուսական առաջարկը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անցկացրել են ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցի ճշտում:
Հուլիսի 4-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ կապված ռուսական ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերի և Պետդումայի որոշ պատգամավորների՝ Հայաստանի իշխանություններին ուղղված արտահայտությունների հետ: