Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին և Հայաստանի կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։
Մակրոնն ավելի ուշ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները «Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձ» է որակել ու նշել, որ Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Փաշինյանին։
«Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Փաշինյանի հետ։ Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի։ Նաև վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ «խաղաղությունը և բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրա սահմաններից անդին»։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։
Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։
ՔԿ-ում քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանն արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրապարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել էր, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում 2 ամսով կալանավորել էր մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։