ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները, հայտնում է ՏԿեն մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։
Հանդիպումը կայացել է Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում։
Հանդիպման մասին հայտնել է նաև թուրք նախարարը։ X սոցցանցի իր էջում նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը:
Հունիսի 27-ին Խուդաթյանը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ քննարկել էր Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները։
Ըստ մամուլի՝ Խուդաթյանի՝ Թուրքիա մեկնելու իրական պատճառը Հայաստան-Թուրքիա ապրանքների շրջանառության, բեռնափոխադրումների ու տարանցման հարցերն են։