Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում ՝ Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մենք այլ պետությունների ներքին գործերին միջամտելու սովորություն չունենք։ Անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի մեր բարեկամ և եղբայրական Հայաստանում պահպանվի կայունությունը, ապահովվի օրինականությունը, ընթանա կայուն զարգացում: Դրա համար անհրաժեշտ է գործնականում իրականացնել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, հարգանքը հավատացյալների զգացմունքների և կրոնական ազատության սկզբունքների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ էր հարուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության խախտման կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ), ինչը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։
Հունիսի 27-ի առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը, որից հետո իրավիճակը սրվել էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել էր, որ օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության համար։