ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։
«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,- ասվում է խմբակցության հայտարարության մեջ։
Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն ավելի ուշ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Աղազարյանի և Ասլանյանի առաջադրմամբ Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ կաթողիկոսի և թեկնածուի համաձայնության պարագայում։
«Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ»,- հայտնել են խմբակցությունից։
Հունիսի 27-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվել էր իմփիչմենթի շրջանակում վարչապետի թեկնածությունից՝ հօգուտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի։ Նրա խոսքով՝ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը ու Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Ասլանյանն ու Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: Ավելի ուշ խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի պաշտոնի թեկնածու։ Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։