Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նստավայրում քննչական գործողությունները և Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրում ԱԱԾ գործողությունները։
Ըստ նրա՝ տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, հավաքված քաղաքացիներն իրար մեջ անցել են բռունցքների։
«Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի»,- նշել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ Աջապահյանը ևս մեկ աստվածաշնչյան պատվիրան է խախտել, այն է՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին։
Հունիսի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ էր հարուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության խախտման կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ), ինչը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։
Հունիսի 27-ի առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Աջապահյանը համաձայնել է ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։ Դրանից հետո իրավիճակը սրվել է։