Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն «անթույլատրելի» է անվանել իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածնի տարածք: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկմանը, որոնք այցելել են նրան կամ զրուցել հեռախոսով։
«Մեր սրբություններին պետք է հարգանքով մոտենալ՝ երկյուղածությամբ», – նշել է Արամ Ա-ն։
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման առաջին քայլը «հանրային մեղադրանքներից ու հայտարարություններից հրաժարումն» է։
Նորին Սրբությունն ընդգծել է՝ պետք է հարգել պետության օրենքները, միաժամանակ՝ եկեղեցու հեղինակությունն ու նրա՝ ներքին հարցերը ինքնուրույն լուծելու իրավունքը։ Նա նշել է, որ առանձնահատուկ կարևոր է խուսափել այնպիսի լեզվով կամ մոտեցումներով խոսել, որոնք անհամատեղելի են «մեր հոգևոր, ազգային և բարոյական արժեքների ու չափանիշների» հետ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը կարող է լուրջ վտանգի առաջ կանգնեցնել Հայաստանը և բերել անդառնալի հետևանքների։ Արամ Ա-ի համոզմամբ՝ անհրաժեշտ է անել առավելագույնը՝ նման վտանգավոր պայմանների առաջացումը կանխելու համար։
«Եկեղեցին իր հերթին կոչված է քննարկել իրեն վերաբերող հարցերն ու գտնել համապատասխան լուծումներն այնպես, ինչպես պետությունն էլ պետք է անդրադառնա իրեն առնչվող խնդիրներին՝ խուսափելով այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել լրացուցիչ բարդացումների և բևեռացման», – նշել է Արամ Ա-ն։
Նորին Սրբությունը կոչ է արել պետական մարմիններին դադարեցնել ձերբակալությունների արշավը:
Արամ Ա-ն նաև պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու խորհրդակցությունները քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ։ «Սա թույլ կտա կանխել ապագա բարդությունները և խնդիրների լուծման ուղիներ փնտրել հանգստության, փոխադարձ հասկացողության և հարգանքի մթնոլորտում», – ընդգծել է նա։
Հունիսի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ էր հարուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության խախտման կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ), ինչը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։
Հունիսի 27-ի առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Աջապահյանը համաձայնել է ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։ Դրանից հետո իրավիճակը սրվել է։