ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է գործարարին պատկանող «ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը»:
Ավելի ուշ կառավարության ղեկավարն ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ մեկ ամիս առաջ գործադիրի համապատասխան անդամներին ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական էր տվել նախապատրաստելու կա՛մ վնասի փոխհատուցման ծրագիր քաղաքացիներին, կա՛մ ընկերությունն ազգայնացնելու, քանի որ մարզերում ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ էր արձանագրել։ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի անջատումների մեջ երկրի ներսում հասարակական դժգոհություն հրահրելու նպատակ էր տեսել։
Նա հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ը պետականացնելւ նախագիծ է ներկայացրել ԱԺ։
«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ի կառավարման պարտականությունն ամբողջությամբ իր վրա էր վերցրել 2015-ին, երբ ընկերությունն «Ինտեր ՌԱՕ»-ի հետ պայմանագիր էր ստորագրել ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։
Ավելի վաղ մամուլը գրել էր Խուդաթյանի՝ Թուրքիա մեկնելու իրական պատճառը և նշել որ դա Հայաստան-Թուրքիա ապրանքների շրջանառության, բեռնափոխադրումների ու տարանցման հարցերն են։
Հունիսի 20-ին Թուրքիա էր մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրի նախագահի հետ բանակցությունների ընթացքում նա քննարկել էր Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը, Երևան-Բաքու խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները: