ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունն ու արձանագրված ցուցանիշները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ պաշտոնյաները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ, անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ Միրզոյանը և Կալլասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ, եզրափակել է նախարարությունը։
Իններորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողություններն Իրանի և Իսրայելի միջև: Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։