«Քաղաքացիական պայմանագրի» շուրջ 50 ներկայացուցիչ է ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչության անդամ են ցանկանում դառնալ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը, որոնք արդեն ինքնառաջադրվել են։
«Ինչքան մոտենում են 2026 թվականի ԱԺ ընտրությունների օրերը, այնքան լարվում են ներկուսակցական հարաբերությունները իշխող քաղաքական ուժի շարքերում»,- հավելել է լրատվականը։
Ըստ հրապարակման՝ լարված են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ փոխհարաբերությունները: Նա այլևս համակիրներ չունի խմբակցությունում, բոլորն ամեն ինչ անում են, որպեսզի Քոչարյանը հաջորդ գումարման խորհրդարանում չլինի:
Հունիսի 17-ին թերթը հայտնել էր, որ իրենց թեկնածություններն են առաջադրել ՔՊ խմբակցության նախկին անդամ Վիլեն Գաբրիելյանը, ում լիազորությունները դադարեցվել էին ապրիլին՝ Գյումրիի ընտրություններին հաջորդած միջադեպից հետո, ԱԺ խմբակցության կին պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, իսկ Արփի Դավոյանը թիմին հայտնել է, որ չի առաջադրվելու։