ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը մտադիր է Էրդողանի հետ քննարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը։
«Իշխանական շրջանակների հաղորդմամբ՝ քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև խաղաղության համաձայնագիր կնքելու հարցը»,- ընդգծել է թերթը։
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, որտեղ նրան դիմավորել էր Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել Անթալիայի տնտեսական ֆորումին։