Ընդդիմադիր «ՀայաՔվե» նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային մարմին, այս մասին նախաձեռնությունը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:
Նախաձեռնությունն այդ նպատակով խորհրդակցություններ սկսելու անհրաժեշտություն է տեսնում: Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմինը, ըստ հայտարարության, խնդիր է ունենալու «արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները»։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, Փաշինյանի հնչեցրած կոչերի մեջ տեսնելով Մայր Աթոռի հանդեպ սադրանքների, բռնության դրսևորումների ռիսկեր, նախաձեռնել է հերթապահություն` Մայր Աթոռի տարածքում հնարավոր սադրանքների դեպքում վաղ նախազգուշացման և կանխարգելման գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ պնդելով, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան Փաշինյանն առաջարկել էր ստեղծել համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։
Հունիսի 11-ին՝ կեսգիշերն անց, Գարեգին Երկրորդն ԱՄԷ-ից ժամանել էր Հայաստան, նրան դիմավորել էին իր աջակիցները: Կաթողիկոսը հայտարարել էր՝ վարչապետի հայտարարությունները համընդհանուր վրդովմունք են առաջացրել: