Հոգևորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսևորում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կիրակի օրը Գորիսի Սուրբ Լուսավորիչ եկեղեցի այցելելիս տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է գտնվել, և երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի և մոմ վառել, նա դուրս չի եկել սենյակից։
«Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից և իր բնորոշմամբ` «չարիքին» դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել»,- նշել է թերթը։
Վարչապետը հունիսի 10-ին առաջարկել էր ստեղծել Համակարգող խումբ՝ կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի համար։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին Փաշինյանը պնդելով, որ Գարեգին Երկրորդը որդի ունի, կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ: