Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ «փաշինյանական հարձակումների» մասին անդադար գրում է, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանում էլ գիտակցում են, որ առանց Հայոց եկեղեցուն խաղից դուրս բերելու՝ Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի, և պետք է հիմնական դիմադրողականության կենտրոններից մեկն անընդհատ «կրակի տակ պահել»: Ու այս տեսանկյունից Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել, ինչն էլ համատեղ ջանքերով առաջ են մղում»,- նշել է Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրորոշումների վերաբերյալ:
«Բաքվից Էջմիածինը ներկայացվում է որպես ռևանշիզմի օջախ, ինչի տակ պետք է հասկանալ եկեղեցու կողմից դրսևորած անհանդուրժողականությունը պաշտոնական Երևանի հանձնողական, պարտվողական և ուրացման քաղաքականությանը»,- շեշտել է նա:
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Քննադատություններից հետո մայիսի 30-ին գրառումների շարք էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին:
Այս գրառումներից հետո հոգևորականներն արձագանքել ու քննադատել էին վարչապետին:
Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։