ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն քննարկել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ:
Նշվում է, որ քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Մայիսի 21-ին ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանին։
Երևանը հունվարին վերահաստատել էր՝ բարձր է գնահատում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ: