Հայաստանը կոչ է անում եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, մայիսի 20-ին Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը՝ թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում և հաղորդակցություններում», – ասել է նա:
Շեշտելով, որ Երևանի համար խաղաղությունն այլընտրանք չունի, նախարարը միաժամանակ կասկածի տակ է դրել Ադրբեջանի ցանկությունը համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ:
«Թեև դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Եթե մտահոգություններն անկեղծ են, օրինակ՝ սահմանադրական հարցի վերաբերյալ, ապա առանց մանրամասների մեջ խորանալու, կարող եմ հավաստիացնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն է խորհրդարանի կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո», – նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը, ավելին՝ հայտարարել, որ պատրաստ է սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
Նախորդ շաբաթ՝ մայիսի 16-ին, Ալբանիայում երկու երկրների առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի կամ պայմանավորվածության մասին չէր հաղորդվել: Նրանք կարևորել էին պայմանագրի տեքստի համաձայնեցումը, քննարկել ընթացիկ վիճակը:
Ադրբեջանի ղեկավարը մայիսի 20-ին շեշտել է, թե ընդհանուր առմամբ, խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Բաքվի առաջարկած մոտեցումն արդեն ընդունվել է Երևանի կողմից: