Իսրայելի Հանրային հեռարձակողների ընկերությունը (KAN) ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի մասնակցի երգից հետո իր հաղորդավարի խոսքերի համար, հայտնել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հրապարակելով KAN-ի գլխավոր տնօրենի համապատասխան նամակը ։
Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը նամակում նշել է, որ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, «ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում»։
«Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել,- ասվում է նամակում։
Նա KAN-ի անունից ի սրտե ներողություն է խնդրել «հումորային մեկնաբանության համար»։
KAN-ի մեկնաբան Ասաֆ Լիբերմանը հայտարարել էր, որ չէր պատրաստվում որևէ մեկին վիրավորել, այլ պարզապես ուզում էր «զվարճացնել Իսրայելի բոլոր ազգություններին և շերտերին (ներառյալ՝ հայերին)»։
Մրցույթի հայ մասնակից Պարգի (Պարգև Վարդանյան) ելույթից անմիջապես հետո Լիբերմանն ասել էր․ «Չեմ կարողանում հավատալ, որ այս մարդկանց Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք։ Այս ներկայացումը դիտելուց հետո մենք մեզ զգում ենք survivor-ի պես»։
Երուսաղեմի հայ համայնքն այդ հայտարարությունը որակել էր «անհիմն, անպատեհ, ռասիստական և վիրավորական»՝ ուղղված հին համայնքին, որը վաղուց ի վեր Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասն է կազմել։ Շարժումը պահանջել էր, որ Իսրայելի հանրային հեռարձակողը հրապարակավ ներողություն խնդրի Երուսաղեմի հայ համայնքից, ինչպես նաև բոլոր նրանցից, ովքեր գնահատում են հանդուրժողականության, պատմական ճշմարտության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի արժեքները։
Հայ ակտիվիստները շեշտել էին, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չեն «նվիրել»։ Այն կառուցվել, պահպանվել և զարգացել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որն ավելի քան 1600 տարի շարունակ պահպանել է իր շարունակական ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում։ Այս ներկայությունը ճանաչված է ամբողջ աշխարհում և յուրահատուկ ներդրում ունի քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։