Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության գործընթացի շրջանակներում աշխատում են մի շարք ուղղություններով և պնդել, որ Ադրբեջանն, իբր, «օրինական ակնկալիքներ» ունի Հայաստանից։
«Այդ սպասումներն են՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառումը Հայաստանի սահմանադրությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որի կարիքը հակամարտության ավարտից հետո այլևս չկա։ Հետևում ենք գործընթացներին, կան շփումներ»,- դիվանագետի խոսքերն են մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները։
Մայիսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում կարող են լավ լուրեր հայտնվել Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, համբերատարության կոչ էր արել։
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի՝ «չնայած բոլոր սադրանքներին»։ Նա հիշեցրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Մարտի 13-ին Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը, ավելին՝ հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մարտի 14-ին Միրզոյանը որոշ մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։