Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ընթանում է լայն թափով, ինչը դեպի Եվրոպական Միություն ձգտումների համատեքստում Հայաստանի համար կարևոր հանգրվան է, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ըստ նախարարի՝ Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացումն էական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական աճի, ներդրումների, տարբեր ոլորտների զարգացման համար։
«Վիզայի ազատականացումն էական կլինի մարդկանց միջև շփումները հեշտացնելու, Հայաստանի և Եվրամիության քաղաքացիների միջև գործարար, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդման համար»,- ասել է Սարգսյանը:
2024 թվականի հուլիսի 22-ի նիստում Եվրամիության խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությանը։ Սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել էր մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։