Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին պահին կարող է փոխել իր որոշումը մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու վերաբերյալ։
Նա նաև հիշեցրել է, որ 300 000 հայ իրենց կյանքը զոհաբերել է ֆաշիզմի դեմ Հաղթանակի համար։ Սիմոնյանն ընդգծել է, որ գնալու որոշումը կայացնում է ինքը՝ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ նա պետք է մասնակցի։ Մի քիչ ճիշտ չէ, որ ես ասեմ, միգուցե վարչապետը չգնա», – նշել է ԱԺ խոսնակը։
Միաժամանակ, Ալեն Սիմոնյանը նման խոշոր միջոցառումներին մասնակցելը բնորոշել է որպես գործընկերների հետ շփվելու հնարավորություն։
Պաշտոնյան հերքել է, որ Փաշինյանը կարող է բաց թողնել Հաղթանակի շքերթը անվտանգության խնդիրների պատճառով։ Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանում շքերթին մասնակցելու մեկնող համաշխարհային առաջնորդների անվտանգության երաշխիքների բացակայության մասին։
Մարտի 20-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանը պետական բոլոր գերատեսչություններին հրահանգել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Մարտի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրերը, հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները Երևանի հետ։