Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր թշնամին չի համարում։ Այդ մասին նա հայտարարել է «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես, ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանին իմ թշնամին չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում իշխանություն ունենալու համար է, այլ իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100 տոկոսով միմյանց հետ համաձայն են ամեն ինչի հետ։ Տարբեր հարցերով կարող են տարբեր կարծիքներ ունենալ», – ասել է նա։
Մեկնաբանելով իշխանությունը գործող վարչապետին հանձնելու մեղադրանքները՝ Սարգսյանը դրանք անվանել է «աբսուրդային»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ իր իշխանության օրոք ինքը միջոցներ չի ձեռնարկել Փաշինյանի դեմ, «ով հակահայկական և հակաարցախյան հայացքներ ուներ», Սարգսյանը նշել է․
«Հիմա եթե ինքը (Փաշինյանը – խմբ.) այդ ժամանակվանից ի վեր հակահայկական, հակաարցախյան տրամադրություններ է ունեցել, կարո՞ղ է ես եմ 2018 թվականին ասել «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այսինքն նա ոչ թե այդ տրամադրություններն ուներ, այլ ինքն ամեն ինչում ընդդիմանում էր իշխանություններին։ Ամեն ինչում՝ կենցաղից սկսած մինչև ռազմական գործողություններ։ Եթե ինքը ամբողջովին այդպիսի տրամադրությություններով էր տոգորված, ինչո՞ւ 2016 թվականին գնաց ապրիլյան պատերազմին», – ասել է Սարգսյանը։
Նա կարծիք է հայտնել, որ վարչապետը և նրա բազմաթիվ գործընկերները «այնքան շատ արատներ ունեն, այնքան շատ չարագործություններ են գործել», որ նրանց լրացուցիչ որևէ բան վերագրելը դժվար թե նրանց կերպարն ավելի բացասական դարձնի։
Ավելի վաղ Քոչարյան-Սարգսյանի գլխավորած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր երկու դաշինքների ներկայացուցիչները միմյանց մեղադրել էին իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեջ։