ՍԱՏՄ պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել իր ղեկավար Արմեն Դանիելյանի կասկածելի քայլերի մասին և հասել նրա պաշտոնանկությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, և նրան «գործուղել էր» կառույց Դանիելյանի նշանակման պահից։
2020-21 թվականներին Պետրոսյանը վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն էր, մինչ այդ աշխատում էր ԱԱԾ-ում։
Մայիսի 1-ին մամուլը գրել էր, որ Դանիելյանի ազատման պատճառը կառույցում հայտնաբերված չարաշահումներն են։
Նա պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել ապրիլի 30-ին, այդ պաշտոնն զբաղեցնում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից:
Նոյեմբերի 7-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատվելու հավանական պատճառներից մեկը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իր մտերիմ Դանիելյանին։