Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գովաբանել է այդ երկիրը՝ նշելով, թե որքան կոկիկ, խնամված կարող է լինել պետությունն ու քաղաքը։
«Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով՝ դեֆիցիտ։ Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով՝ դեֆիցիտ»,- գրել է նա։
Վարչապետը պատմել է, որ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, իրեն ասել է՝ «Եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»։
Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն Էստոնիայում հանդիպել է երկրի նախագահ Ալար Կարիսի հետ: Էստոնիայի նշել է հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը՝ ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության պատմական ավանդույթների վրա: Նրա խոսքով՝ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկուստեք հանձնառության մասին՝ ամրապնդելու Հայաստան-Էստոնիա օրակարգը և զարգացնելու քաղաքական երկխոսությունը նոր որակի:
Ըստ հաղորդակցության՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում:
Կարիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Նա վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ:
Փաշինյանն Էստոնիա էր մեկնել ապրիլի 27-ին։ Նույն օրը երեկոյան ՀՀ վարճապետը երեկոյան հանդիպում էր ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։