ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ռազմավարական հարցերում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կարող է դեր խաղալ խաղաղ և անվտանգ ապագա ապահովելու գործում։ Սինիրլիօղլուն նշել է, որ նմանատիպ մտադրություններ է հայտնել նաև Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանում և Վրաստանում կայացած հանդիպումների ժամանակ։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը մեծ նվաճում է»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Կողմերը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման վերաբերյալ հույս էին հայտնել։
Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Սինիրլիօղլուն հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կողմերը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Միրզոյանը շեշտել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։