Հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարն անավարտ է, իսկ կամքը՝ անսասան հանուն արդարաության, հանուն կանխման, ի դեմս ուրացման, ջահերով երթին ունեցած ելույթում
հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է»,- նշել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նա շեշտել է՝ Հայաստանի պահանջն անփոփոխ է՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն։ Ըստ նրա՝ քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան։
«Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի հետ, հստակ ճանաչի՝ դրանով իսկ կանխելով հետագա ցեղասպանությունները։ Այսօր, երբ մեր պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում։
Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա՝ ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ»,- նշել է նա։
Մանուկյանը հայտարարել է՝ գործող իշխանություններն այսօր մոռացության քաղաքականություն են վարում:
Ապրիլի 24-ին
լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում
հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Կարդացեք նաև`