Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում՝ պապական Գրեգորյան համալսարանում կազմակերպված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը, որտեղ հայկական հուշարձանները «աղվանական» էին ներկայացրել։
Մայր Աթոռից նշել են, որ ապրիլի 10-ին Սուրբ Աթոռում կազմակերպած միջոցառումն Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական կազմակերպությունների նախաձեռնությամբ է տեղի ունեցել։
«Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում, ինչի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում անհրաժեշտ քայլեր է նախաձեռնելու»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Մայր Աթոռից շեշտել են, որ միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ նորից փորձ է արվել ժխտել Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը։
«Խեղաթյուրում են պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ամբողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին»,- հավելել են Մայր Աթոռում։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն ապրիլի 10-ին հայտնել էր, որ միջոցառմանը «աղվանական» էին ներկայացրել ատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով, օրինակ՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը։