Անվտանգային սպառնալիքի հետ կապված ինֆորմացիայի դեպքում կկիսվենք հանրության հետ, լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումների վերաբերյալ լուրերին։
Նա սահմանային կուտակումների վերաբերյալ լուրերն «ասեկոսե» է անվանել և հորդորել է չհետևել նման ինֆորմացիոն աղբյուրներին։ Միևնույն ժամանակ՝ նա ուղիղ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է կուտակումների մասին տեղեկությունը։
«Եթե լինի ինֆորմացիա, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, մենք այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ ԱԽ քարտուղարը նշել է, որ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի՝ Բաքվին ուղղված առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։
«Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ հայկական կողմը շարունակելու է հերքել Ադրբեջանի՝ ՀՀ-ի կողմից կրակոցների մասին կեղծ տեղեկությունները։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է։ Վերջին այդպիսի հայտարարությունը հերքվել էր ապրիլի 10-ի առավոտյան։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։