Կոտայքի մարզի Քասախ գյուղերի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել դեպի Երևան տրանսպորտի 59 ավտոբուսային երթուղիների կրճատման և տրանսպորտի վարձը բարձրացնելու որոշումները։
Բողոքի ակցիան ուղղված է Երևանի նոր ավտոբուսի ուղեվարձը 150 դրամից 200 դրամ բարձրացնելու իշխանությունների որոշման, ինչպես նաև Երևանի 59 ավտոբուսի երթուղին փոփոխելու դեմ, որի համաձայն՝ հասարակական տրանսպորտը շարժվելու է մինչև Երևանի Ֆիզիկայի խաչմերուկ։ Նախկինում այն հասնում էր մինչև Ավան։
Բողոքի ակցիայի կազմակերպիչ, Քասախի ավագանու նախկին անդամ Արթուր Մակարյանը հայտնել է, որ իրենք սպասում են ՏԿԵ փոխնախարարի, Տրանսպորտի վարչության պետ Պապին Գալստյանի ու Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ հանդիպմանը, որոնք խոստացել են գալ։ Միևնույն ժամանակ՝ նա հորդորել է հավաքվածենրին ցուցաբերել քաղաքակիրթ վարք, զերծ մնալ վիրավորանքներից ու շեշտել, որ իրենք հավաքվել են բացառապես սոցիալական հարցի լուծման համար, որևէ քաղաքական ենթատեքստ չկա։
Ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել, որ նոր երթուղին ժամը 07:00-19:00-ն սպասարկելու է վեց միկրոավտոբուսով, որոնք նրանց համոզմամբ՝ չեն կարողանա սպասարկում համայնքի շահերը։ «Իսկ ինչ պետք է անեն երկրորդ հերթ աշխատողները կամ ուսանողները»,- ասում են մասնակիցները։
Ցույցի մասնակիցներից մեկը, ով հաշմանդամություն ուներ, նշել է, որ սոցիալապես խոցելի խմբերին հին մեքենաները հարմար չեն։
«Բոլոր իրավիճակներում հասկացել ենք իշխանություններին, 2018 թվականին քայլել իրենց կողքին, բայց հիմա նորմալ ավտոբուսից իջնել նստել անցյալի մնացորդ գազելները, մենք համաձայն չենք։ Որ գազելը կարող է ինձ տանել Երևան, կամ ես ոչինչ՝ մանկասայլակով մորը ինչպես պետք է տեղափոխեն»,- ասել է նա։
Մեկ այլ մասնակցի խոսքով՝ իրենց կառավարությունում ասել են, որ այսքան տարի 59 համարի ավտոբուսի Քասախ մտնելը պարզապես լավություն էր համայնքի բնակիչներին։
«Եթե այդքան ժամանակ լավություն եք արել, ապա պարտավոր եք շարունակել լավություն անել»,- պնդել է ցուցարարը։
Ավելի ուշ ՏԿԵՆ տրանսպորտի վարչության պետը ժամանել է Աշտարակի խճուղի և հայտնել, որ պատրաստ են Եղվարդում ընդունել ակցիայի առաջնորդներին։ Հանդիպումից հետո քասախցի Արթուր Մակարյանը հայտարարել է, որ մարզպետարանում իրենցից խնդրել են 1 շաբաթ՝ հարցը լուծելու համար։ Ըստ Մակարյանի՝ մասնակի բավարարված են պատասխանով։
Նշենք, որ ապրիլի 5-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսների կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Ի նշան բողոքի՝ նրանք ժամանակավորապես փակել էին Երևան-Աշտարակ մայրուղու հատվածը: Ապրիլի 9-ին պռոշյանցիներին ընդունել են կառավարությունում և լուծում տվել իրենց հարցին։
Կառավարությունում հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել էին, որ իրենց խնդիրը լուծվել է․ թիվ 25 երթուղին կպահպանվի։ Ըստ նրանց՝ ավտոբուսը ոչ թե կհասնի գյուղ, այլ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան: