ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար, գրել է ArmLur-ը։
Կայքի տեղեկությամբ՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար դիմել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կայքին տեղեկացրել է, որ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել և անհրաժեշտություն համարել ստեղծել հանձաժողովը, և նախաձեռնությունը քիչ հետո կուղարկվի ԱԺ նախագահին, և հարցը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա լիագումար նիստի օրակարգ։ Մինասյանը նշել է, որ հարցի հիմնական զեկուցող կնշանակվի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։ Մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ, որը ստորագրել էր 161 լրագրող։ Մարտի 27-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր Ազգային ժողովում լրագրողների ակցիան բռնությամբ ընդհատելը։
Մամուլը գրել էր, որ լրագրողի նկատմամբ իր կոպիտ վերաբերմունքի քննադատությունից հետո Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ՔՊ գործընկերներից։