ՌԴ ԱԳՆ-ն հետևում է հայ-ադրբեջանական սահմանային գոտում տիրող լարված իրավիճակին և կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել «իրավիճակի դեգրադացման», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ապատեղեկատվությունը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման վերաբերյալ։
«Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է նա։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան նախկինի պես պատրաստ է աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման և հումանիտար խնդիրների լուծման գործում։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է։ Վերջին այդպիսի հայտարարությունը հերքվել էր ապրիլի 9-ին։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։