Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհի մի հատվածը՝ պահանջելով չեղարկել դեպի Երևան տրանսպորտի 25 և 59 ավտոբուսային երթուղիների կրճատման և տրանսպորտի վարձը բարձրացնելու որոշումները։
Բողոքի ակցիան ուղղված է Երևանի նոր ավտոբուսի ուղեվարձը 150-ից 200 դրամ բարձրացնելու իշխանությունների որոշման, ինչպես նաև Երևանի նոր ավտոբուսի երթուղու դեմ, ըստ որի՝ հասարակական տրանսպորտը շարժվելու է մինչև Երևանի Ֆիզիկայի խաչմերուկ։ Նախկինում այն հասնում էր Ավան։
Ավելի ուշ Պռոշյանի և Քասախի բնակիչները բացել են Երևան-Աշտարակ մայրուղու մի հատվածը այն բանից հետո, երբ իշխանությունները խոստացել են հանդիպել Կառավարությունում։ Ապրիլի 9-ին Կառավարությունն ընդունելու է համայնքի չորս ներկայացուցչի, ովքեր տեղում կհիմնավորեն դեպի Երևան հասարակական տրանսպորտի երթուղին չփոխելու շուրջ իրենց պահանջները։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հաստատեց, որ ճանապարհը բաց է, բերման ենթարկված քաղաքացիներ չկան։
Ցուցարարները պնդել են, որ եթե տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր որոշմամբ փաստացի սահմանափակում է գյուղի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը, ապա իրենք նույնն են անում բոլորի նկատմամբ։
«Թույլ չենք տա, որ գործի խճուղին (Աշտարակի-խմբ․)։ Չենք ուզում քաղաքականացնել, բայց մեր իշխանությունները լուծում չեն տալիս մեր խնդրին, հիմա գտնվում ենք Երևան քաղաքի տարածքում, քաղաքապետ Տիգրան Ավինյանից պահանջում ենք, որ մեր տրանսպորտը մեզ սպասարկի մինչև այս տարածք»,- նշել են ակցիայի մասնակիցները:
Ապրիլի 5-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսների կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Ի նշան բողոքի ՝ նրանք ժամանակավորապես փակել էին Երևան-Աշտարակ մայրուղու հատվածը: