Ապրիլի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը պահանջել է քննարկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու հարցը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թեպետ այդ պահանջին Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել, բայց կայքի տեղեկություններով՝ վարչապետը պատրաստվում է առաջիկայում զբաղվել Ավինյանի հարցով։
«Ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել։ Սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանն «ավինյանական թևին» չեզոքացնելու» նպատակ ունի»,- ասված է հրապարակման մեջ։
Ապրիլի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ավինյանին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) հիմնադրամում չարաշահումների գործով։
Ավինյանը 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։ ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին անդրադառնալով՝ 2024-ի հուլիսին Ավինյանը հերքել էր դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։
2024-ի օգոստոսի 1-ին Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ձախողումների հարցով ուսումնասիրություն է սկսվել, և այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա։ Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ կողմից էր հիմնադրվել Fly Arna ավիաընկերությունը, որն այլևս չի գործում։ ԶԼՄ-ներն «ընկերության ձախողումը կապել էին նաև Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ էր հանդիսացել, որ ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»: