«Հայաքվե» նախաձեռնությունը կոչ է արել Հայաստանի ԱԳՆ-ին դիմել Շվեյցարիային՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով։
Շվեյցարիան, որպես չեզոք պետություն, կարող է հյուպատոսական մուտք ապահովել գերիների համար, ասված է հայտարարության մեջ։ Շվեյցարական միջնորդությունը կարող է իրականացվել հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պարզաբանել է նախաձեռնությունը։
«Հայաքվեն» ընդգծել է, որ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ադրբեջանական բանտերից ազատելուն ուղղված քայլերը պետք է ձեռնարկեն արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվիստները, որոնք այս ընթացքում հուսահատ ջանքեր են գործադրում։
Բացի այդ, նախաձեռնությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ներգրավել դիտորդներ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից կամ հատուկ ներկայացուցչի ինստիտուտից։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։
Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել էր Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակել։