Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին աջակցելու մասին և շեշտել, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ստորագրման հնարավորությունը, տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից։ Գերմանիայի նախագահն այդ մասին նշել է ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման»,- հավելել են կառավարությունից՝ ընդգծելով, որ մտքեր են փոխանակվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Փաշինյանը Շտայնմայերի այցը պատմական է համարել՝ նշելով, որ սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Հայաստան։
«Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ և խորացող համագործակցություն։ Այդ առումով նա շեշտել է Գերմանիայի աջակցությունը կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասված է հայտարարության մեջ։
Շտայնմայերն իր հերթին հեռանկարային է համարել Հայաստանի հետ փոխգործակցությունը տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում:
Գերմանիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ապրիլի 1-ին նա կմեկնի Ադրբեջան։ Շտայնմայերի պատվիրակության՝ Հայաստան այցի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստորագրել էին ֆինանսական համագործակցության համաձայնագիր։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։