Գյումրիում և Փարաքարում ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն՝ դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ընդունում է ընտրությունների արդյունքները։
«ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է»,- գրել է նա սոցիալական ցանցում։
Վարչապետը շնորհավորել է «քաղաքացու վստահությանն արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին»։
Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ էին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է, սակայն Փարաքարի ավագանու ընտրություններում պարտվում է։
ՆԳՆ-ն Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ նախաքննական մարմին 6 հաղորդում էր ուղարկել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը որոշել է ստանձնել ձերբակալված 80-անց տարեց կանանց պաշտպանությունը, ովքեր 15:00-ի սահմաններում ձերբակալվել էին՝ «հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ընտրախախտում անելու» կասկածով։