Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու դեպքում ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ավելի խիստ պատիժ է սպասվում, քան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
«Աղազարյանին կարող են տնային կալանքի ենթարկել, որպեսզի մեկուսացնեն, զրկեն խոսելու և ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից»,- գրել է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։
Մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին, ինչպես նաև Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։
Աղազարյանի և Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համաձայնության մասին որոշման նախագծերը հրապարակվել էին ԱԺ-ի պաշտոնական կայքում։ Մարտի 26-ին մեկնարկած ԱԺ լիագումար նիստում Վարդապետյանն Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացրել։