Երևանի Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև։ Նրանք պահանջել են շենքերի վթարայնության պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։
Ըստ բնակիչների՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում լուծել խնդիրը, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել և հստակ ժամկետներ նույնպես չեն նշվում։
«Ավինյանը մեր շենք եկել է 2023 թվականի սեպտեմբերի 8-ին։ Անձամբ Ավինյանն ինձ ու մյուս բնակիչներին խոստացել էր մինչ 2025 թվականի փետրվար-մարտ ամիսները, այսինքն՝ տարի ու կես, մեզ տարհանել նորակառույց բնակարաններ։ Կառավարությունից գումար կպահանջենք»,- պատմել է բնակիչներից մեկը։
Ակցիայի մասնակիցները խնդրել են Ավինյանին կամ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին իջնել և պատասխանել իրենց հարցերին։ Սակայն երբ նրանցից որևէ մեկը չի մոտեցել, փակել են շենքի հարակից փողոցը՝ ի նշան նրան վարած քաղաքականության։ Նրանք նշել են, որ համաձայն չեն լինի նաև սերտիֆիկատների։
«Բնակարան են վերցրել, բնակարան էլ տալու են։ Ժողովրդի գլխի տակ թող փափուկ բարձ չդնեն»,- ասել է Վարդաշենի բնակչուհիներից մեկը։
Ավելի ուշ նրանց ընդունել է Անշարժ գույքի կառավարման վարչության ղեկավար Վահան Խաչատրյանը։ Ըստ բնակիչների՝ նա նրանց խնդրել է սպասել 2 ամիս։ Խաչատրյանը բացատրել է, որ վարչապետի աշխատակազմին նամակ են հղել, սպասում են պատասխանի, սակայն բնակիչների խոսքով՝ շենքն այնքան անկայուն ու վտանգավոր է, որ կարևոր է ամեն րոպեն։
«Ցանկացած մեկը թող գա, տեսնեմ՝ իրենցից քանիսը քանի ժամ կարող է մնալ այնտեղ։ Եթե երեխաներն ընկնեն 4-րդ հարկից, պատասխան ո՞վ է տալու»,- ասել է մեկ այլ բնակչուհի։
Ավելի ուշ շենքերի բնակիչները որոշել են քայլել դեպի կառավարություն, որտեղ դիմել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ հանդիպել իրենց կամ իրենց ներկայացուցիչների հետ։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային, հայտարարել է, որ տեղում ծանոթացել է խնդրին։
«Կարծես թե մարդու կյանքի իրավունքն է խախտվում։ Բնակիչների կյանքը վտանգված է»,- ասել է նա՝ նշելով, որ խմբակցությունն անհրաժեշտ փաստաթղթեր է հավաքել՝ կառավարությանը դիմելու նպատակով։
Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն, իր հերթին, նշել է, որ բյուջեն կարող է ֆինանսավորել բնակիչների խնդիրը։
«Բյուջեում գումարներ կան, հարցը ճիշտ բաշխելու մեջ է։ Եռամսյակը մեկ գոնե 5 ընտանիքի բնակարանային հարց կարելի է լուծել»,- ասել է նա։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարն Armenia Today-ին տեղեկացրել է, որ կառավարությունից ընդունել են նրանց, սակայն հարցին որևէ լուծում չեն առաջարկել։ Հանդիպման այլ մանրամասներ Գրիգորյանը չի հայտնել։