Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի կունենան մարտի 24-ին՝ Էր Ռիադում, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ուոլցի հետ հեռախոսազրույցի արդյունքներով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուոլցի հետ պայմանավորվել ենք, որ այդ հարցով երկկողմ ձևաչափով խորհրդակցություններ կանցկացնեն նախագահների կողմից նշանակված փորձագետները։ Այդ խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի՝ մարտի 24-ին, Էր Ռիադում։ Ռուսական կողմից կմասնակցեն Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդկան»,- ասել է նա։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ և ԱՄՆ նախագաների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության: