«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ի տոնական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան։ Մարտի 14-ին Կրեմլը հաստատել էր Հայաստանի վարչապետի մասնակցությունը Մոսկվայում նախատեսված տոնակատարություններին։
Կուսակցությունում կարծում են, որ Փաշինյանի այցը Ռուսաստան և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները ցույց կտան Ռուսաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ՀՀ նկատմամբ։
«Համառ լուրեր կան, որ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Ռուսաստանը մոտ ապագայում «ուբոռկա» է սկսելու տարածաշրջանային երկրներում՝ մաքրելով դրանք իր համար «օտար» մարմիններից, մանավանդ՝ նրանցից, ովքեր իրենց վատ են պահել իր նեղության ժամին։ Չնայած Փաշինյանին լավ ճանաչողները կարծում են, որ եթե նա Ալիևի ու Էրդողանի առաջ է խոնարհվում, ոչ մի դժվարություն չի ունենա Պուտինի առջև խոնարհվելու հարցում և կրկին կանցնի ռուսի թրի տակով»,- ասված է թերթում։
Լրատվականը նաև հայտնել է, որ վարչապետը հանձնարարել է պետական բոլոր գերատեսչություններին ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։
Մարտի 14-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտի մասին։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։