Մեր նպատակը է գտնել ողջերին, News.am-ին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով մարտի 6-ին անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման մասին։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները, հավելել է Քոչարյանը։ «Այսինքն քանի դեռ մասունքները գտնված չեն և ծնողը համոզված չէ, որ դա իր երեխայինն է, ճիշտ ձևակերպումն է, որ առաջին հերթին պետք է ստեղծվի հնարավորություն սկզբից որոնել ողջերին»,- ընդգծել է նա:
Մեկնաբանելով մարտի 5-ի ճեպազրույցում իր արտահայտությունները, որից վրդովվել էին ծնողները, Քոչարյանն ասել է․ «Այո, ես ընդունեցի, որ ճիշտ կլինի այդ ձևակերպումը, որ մենք պետք է առաջին հերթին փնտրենք ողջերին, շեշտը դնենք դրա վրա»:
«Հանձնաժողովների աշխատանքները պետք է միտված լինեն դրան, որ եթե գերի ընկած կա, ողջ կա, որի ուղղությամբ կարող ենք աշխատանք տանենք, դա լինի հիմքը։ Իսկ եթե մասունքներ գտնենք, նաև ուսումնասիրությունների արդյունքում պետք է պարզենք, թե դա ում մասունքն է: Այդ ծավալի մեջ կարող են հայտնվել մասունքներ, որը պետք է ուսումնասիրի, թե ում է պատկանում։ Կարող է, օրինակ, մասունք լինի, որ ոչ թե մերն է, այլ ադրբեջանցու է։ Այսինքն երբ ասում ենք, որ մենք պետք է որոնենք, որոնողականը չի վերաբերվելու միայն մասունքներ փնտրելուն, այլ նաև ողջերին գտնելուն»,- եզրափակել է Քոչարյանը։
Հունվարի 30-ին խորհրդարանում փակ հանդիպում էր տեղի ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որը տևել էր շուրջ հինգ ժամ։ Այն անցկացնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի ղեկավարության, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Քոչարյանի հետ։ Քոչարյանը նշել էր, որ հանդիպման ընթացքում տրվել են անհետ կորած զինվորների հարազատների հարցերի պատասխանները, սակայն ժամանակը ցույց կտա, թե հարազատները որքանով գոհ կլինեն։
2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ ՔԿ տվյալներով՝ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։
2023-ի սեպտեմբերի 19-ի Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը, իսկ 100 632 քաղաքացի բռնի տեղահանվել էր ՀՀ։ 2024 թվականի հունվարի 5-ին Քննչական կոմիտեն հրապարակել էր 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախում զոհվածների թիվը։ Ադրբեջանը հաստատել էր, որ 23 հայ գերի կա։