Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» դռնփակ նիստում հայտարարել է, որ նոր ժամանակները պահանջում են նոր գաղափարախոսություն, և ինքը դիտարկում է ոչ միայն Սահմանադրության, այլև օրհներգի, դրոշի և պետական այլ խորհրդանիշների վերանայման հնարավորությունը, գրել է «Հրապարակ» թերթը։
Ըստ լրատվականի՝ հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքո՞վ է Սահմանադրությունը փոխվում, Փաշինյանը պատասխանել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ՝ Ադրբեջանի խնդրահարույց պահանջները կվերանան, և որ նա այժմ մշակում է «իրական Հայաստանի» նոր մոդելը, և նույնիսկ ակնարկել է, որ դնում է «չորրորդ հանրապետության» հիմքերը։
Փետրվարի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 25-ին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ նոր Սահմանադրության տեքստ ունենալ։
2024 թվականի սեպտեմբերի 27-ին Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Բաքուն նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։