ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը Պենտագոնի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը և իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Մակունցը X-ի իր էջում անդրադարձել է հանդիպմանը՝ ընդգծելով ԱՄՆ-ի հետ համագործակցության կարևորությունը։
«Պենտոգնում հիանալի հանդիպում ունեցա։ Խոսեցինք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացի մասին։ Հայաստանը գնահատում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համագործակցությունը և ակնկալում է շարունակական համագործակցություն»,- գրել է դեսպանը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։
Հունվարի 15-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել էր Հայաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, մանրամասն տվյալներ էր ներկայացրել, թե ինչ է պարունակում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։