Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը, փետրվարի 20-ի Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ արված իր ուղերձում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյանն ընդգծել է, որ հիշողությունը հայ ժողովրդի ուժը, կամքը և առաջ գնալու ուղենիշն է։ ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ հիշողությունն այն ուժն է, որն օգնում է դիմակայել վտանգները, խուսափել անցյալի սխալներից։ Նրա խոսքով՝ հիշողությունն այն ուժն է, որն օգնում է հայրենիքում արժանապատիվ պայքարել՝ հիշելով հերոսներին, հաղթանակները։
«Հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը: Հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին: Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը, թոթափելու անտարբերությունը, հաղթահարելու վախերը, չկորցնելու զգոնությունը, անվրեպ հաշվարկելու վտանգները, կրկին հասնելու հաղթանակի»,- ասված է Սարգսյանի ուղերձում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում փետրվարի 19-ին հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը նշել էր, որ «նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»։