Հայաստանի խորհրդարանի որոշումը, որն այսօր հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրինագծին, ավելի կառավարելի է դարձնում անվտանգության առկա ռիսկերը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու դեպքում հնարավոր ռիսկերի, Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին հարցին։
«Այս որոշումը ռիսկերից որևէ մեկն ավելի ռիսկային չի դարձնում, այլ ընդհակառակը՝ բազմաթիվ ռիսկեր դարձնում է ավելի կառավարելի, քան նախկինում էր»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որոշումը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության «բալանսավորված արտաքին քաղաքականությանը», որը երկրի իշխանությունների պատասխանն է առկա ռիսկերին։ Փաշինյանը հավելել է, որ օրինագծի ընդունումը «դրական» է գնահատում։
«Երբ այդ օրենքը վերջնական կմտնի ուժի մեջ, մի կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին։ Ո՞րն է այդ ծառայությունը։ Արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու կառաջարկենք ՀՀ ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքական դարձնել մեր քաղաքական կյանքը և բովանդակային քննարկումների վրա ավելի շատ կենտրոնանալ»,- ասել է կառավարության ղեկավարը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծին «կողմ» քվեարկելու իր մտադրության մասին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։ «Պատիվ ունեմ»-ը հունվարի 11-ին հայտարարել էր, որ իր պատգամավորները դեմ են քվեարկելու նախագծին։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ առաջին քննարկումներն սկսվել էին, երբ 2024 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկին: 2024 թվականի հուլիսի 1-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որն անցած տարվա հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։
Մանրամասները՝ տեսանյութում։