Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Երևանի կենտրոնում նկարահանված տեսանյութում ադրբեջաներեն երգող քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպը:
«Տեսանյութը տեսա։ Այդ քաղաքացիները ոչ միայն Իրանի ադրբեջանախոս համայնքի, այլև Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն հանդիսանում»,- ընդգծել է նա։
Դեսպանը կարծիք է հայտնել, որ այդ մարդիկ իրենց գործողություններով փորձում են թյուրիմացություն և կասկածներ առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում։ Նա վստահություն է հայտնել, որ նման դեպքերը չպետք է կասկածներ հարուցեն Հայաստանի և երկկողմ հարաբերությունների նկատմամբ Իրանի դիրքորոշման վերաբերյալ։
«Այն, ինչ հեռարձակվել է, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, նախ կասկածելի է և շատ հարցեր կան դրա հետ կապված, այն պետք է ուսումնասիրվի։ Անկեղծ ասած՝ ես էլ եմ նայել և լսել, շատ հստակ չէր էլ լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ովքեր ռասիստական և ազգայնական լոզունգներով են հանդես գալիս, նրանք ո՛չ Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ են, ո՛չ էլ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտողներ»,- նշել է իրանցի դիվանագետը։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին ԱԱԾ-ն Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում էր ներկայացրել ՔԿ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող արցախցի Ղարիբ Բաբայանը։
Ըստ ՔԿ-ի՝ Բաբայանին ձերբակալել էին «Ղարաբաղ, ջան Ղարաբաղ» երգն ադրբեջաներենով երգելու տեսանյութը հրապարակելու և այդ միջոցով «ՀՀ իշխանությունների ու ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակային խոսք» տարածելու մեղադրանքով։ Փետրվարի 2-ին Բաբայանին դատարանի դահլիճից ազատ էին արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն խափանման միջոցը, արգելելով հանդես գալ հրապարակային խոսքով։
Մանրամասները՝ տեսանյութում։