ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են սենատոր Ռոջեր Ուիքերը (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսը (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնը (Հանրապետական կուսակցություն)։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը։ Նա ընդգծել է ՀՀ հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։
Ուիքերը և կոնգրեսականները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը և ընդգծել ռազմավարական գործընկերության փաստաթղթով նախատեսված ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին։
Հունվարի 15-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել էր Հայաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, մանրամասն տվյալներ էր ներկայացրել, թե ինչ է պարունակում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։